11 փետրվարի 2011 - 12:47 AMT
Հայ վարորդները պահանջում են մաքսազերծման պետտուրքերի նվազեցում

Փետրվարի 10-ին առավոտյան ժամը 11-ից սկսած Գյումրիում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք ժամը 12-ին երթ էին պլանավորել դեպի Բավրա, այնուամենայնիվ հավաքվում էին արգելափակված խաչմերուկների հարևանությամբ`ակամա խցանելով և դժվար անցանելի դարձելով դրանք: Ժամը 12:10-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զ.Փոստանջյանի, Ս.Սաֆարյանի, Ա.Մարտիրոսյանի և կուսակցության փոխնախագահ Ռ.Հակոբյանի, ինչպես նաև Ժողովրդական կուսակցության ղեկավար Տ.Կարապետյանի և նրանց ուղեկիցների հետ գյումրեցի ավտովարորդները սկսեցին իրենց երթը: Բավրայում մոտ 200 ավտոմեքենաների վարորդները և սեփականատերերը ինքնաբուխ հանրահավաք կազմակերպեցին, եղան մի շարք ելույթներ, որոնց հիմնական ուղերձը իշխանություններին ներկայացվող պահանջն էր վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման պարտադրանքի բեկանումը:

Ինչպես հայտնում է «Ասպարեզ» ՀԿ-ն, ցուցարարները 15 րոպեով փակեցին Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը, ապա շարժվեցին Գյումրիի թատերական հրապարակ` հանրահավաքի: Որոշվեց փետրվարի 11-ից սկսված բողոքի բազմապիսի ակցիաներ անցկացնել քաղաքում և մարզում, գնալ և մասնակցել Հայաստանի այլ քաղաքներում` համանման այլ ակցիաների, և նախապատրաստել «Բողոքի գլխավոր օրվա» միջոցառումներին:

Նշենք, որ վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են դեկտեմբերի 22-ին Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, որոնց համաձայն վրացական պետհամարանիշներով մեքենաները չեն կարող Հայաստանի տարածքում գտնվել 30 օրից ավել: Միաժամանակ, վարորդները հրաժարվում են կատարել իրենց ավտոմեքենաների մաքսազերծումը չափազանց բարձր մաքսային տուրքերի պատճառով: