11 փետրվարի 2011 - 14:35 AMT
Գրանթ Թորնթոն. Հայ ձեռնարկատերերն ավելի լավատես են դարձել

Աշխարհի բոլոր անկյուններից տնտեսության վերաբերյալ ամենից վստահ ակնկալիքներն ունեն Լատինական Ամերիկայի գործարարները, ովքեր մեծ լավատեսությամբ են մուտք գործում նոր տարի, ինչպես վկայում է Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցը (ՄԳԶ): 2011-ն առաջին տարին է, երբ լավատեսության սանդղակը տնտեսության վերաբերյալ իրենց սպասումներում լավատեսության +75 տոկոս ցուցանիշով գլխավորում են Լատինական Ամերիկայի մասնավոր հատվածի գործարարները:

Այլ տարածաշրջաններում գրանցվել են հետևյալ ցուցանիշները՝ +50 տոկոս Ասիայում (բացառությամբ Ճապոնիայի) և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ընդամենը +26տոկոս Հյուսիսային Ամերիկայում և +22 տոկոս Եվրոպայում:

Լատինական Ամերիկայում, ինչպես նաև հարցմանը մասնակից բոլոր երկրներից ամենալավատեսն են Չիլիի գործարարները՝ +95 տոկոս, այնուհետև Բրազիլիայի՝ +79 տոկոս, Արգենտինայի՝ +70 տոկոս և Մեքսիկայի՝ +64 տոկոս:

Հայ գործարարները նույնպես 2011 թվականի նկատմամբ առավել լավատեսությամբ են տրամադրված, անցյալ տարվա +32 տոկոս միջին ցուցանիշի նկատմամբ գրանցելով էական դրական աճ՝ մինչև +48 տոկոս:

2011 թվականի զեկույցը որոշ նշանակալի փոփոխություններ է գրանցել զարգացած տնտեսությունների լավատեսության մակարդակներում: Եվրոյի գոտում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Գերմանիայում՝ +75 տոկոս՝ մեծ ցատկ համեմատած 2010-ի +38տոկոսի: