11 փետրվարի 2011 - 19:22 AMT
«ART EXPO-2011» ցուցահանդեսի այցելուները ծանոթացան հայկական նամականիշերի հավաքածուին

Փետրվարի 11-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից կազմակերպված «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսում «Հայփոստը» ներկայացել էր վերջին տարիների ֆիլատելիստական արտադրանքով: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, «Հայփոստի» տաղավարում ցուցադրված էին ինչպես 1992 թվականից ի վեր թողարկված բոլոր հայկական նամականիշերի հավաքածուն, այնպես էլ 2009 և 2010 թվականների նամականիշերի բոլոր թեմատիկ թողարկումները և հավաքածուները, թեմատիկ բացիկներ, առաջին օրվա ծրարներ:

«Հայփոստի» տաղավարն առաջացրեց ոչ միայն ֆիլատելիստների, այլև «ART EXPO-2011» ցուցահանդեսի բոլոր այցելուների հետաքրքրությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանի հայկական ֆիլատելիայի թեմատիկան բազմաբնույթ է. ֆլորա և ֆաունա, անվանի դեմքեր, պատմական մայրաքաղաքներ, եկեղեցիներ, սպորտ, ևն:

«ART EXPO-2011» ցուցահանդեսում ավելի քան 50 կազմակերպություններ ներկայացրեցին 2010 թվականի լավագույն աշխատանքները: