12 փետրվարի 2011 - 17:12 AMT
Երևանում բացվել է Հրանտ Մաթևոսյանի հուշաքար- աղբյուրը

Անվանի գրող- հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցեց արձակագրի հուշաքար- աղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա էին նաև Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, մտավորականներ, մշակույթի գործիչներ:

Հուշաքարի ճարտարապետն է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, քանդակագործ Տիգրան Բարսեղյանը, ով դեռ 2005թ.-ից հեղինակել է նաև «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» նախագիծը:

ՀՀ Կառավարության և Գրողների միության նախաձեռոնւթյամբ արդեն 5 տարի է, ինչ սահմանված է «Հրանտ Մաթեւոսյան» անվամբ մրցանակ: Այս տարի Գրողների միության նախագահությունը «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակը շնորհել է գրականագետ Ֆելիքս Մելոյանին` հաշվի առնելով մեծանուն գրողի ստեղծագործությունների հանրահռչակման գործում գրականագետի ունեցած մեծ վաստակը: Ֆ. Մելոյանին վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ հանձնեց մրցանակը: Հրանտ

Մաթևոսյանը ծնվել է 1935թ. մարտի 3-ին Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից: Գրողի բոլոր ստեղծագործությյունները (“Ահնիձոր”, ”Աշնան Արև”, ”Մենք ենք, մեր սարերը”, ”Տերը” և այլն) իրենց ուրույն տեղ են գրավել հայ գրականության մեջ, թարգմանվել եւ հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: 1995-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Անվանի գրողը մահացել է 2002թ-ին: