14 փետրվարի 2011 - 12:20 AMT
Հայաստանում 26 աշակերտին բաժին է ընկնում 1 համակարգիչ

Հայաստանում 26 աշակերտին բաժին է ընկնում 1 համակարգիչ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակիցի հետ զրույցում ասել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վերլուծական բաժնի վարիչ Գագիկ Բադունցը: Միաժամանակ, անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 36:1: Ինչպես նշել է աղբյուրը, ցուցանիշի բարելավումը կապված է ինչպես դպրոցներում համակարգիչների քանակի ավելացման, այնպես էլ սովորողների թվի որոշակի կրճատման հետ:

Կենտրոնի վերջին տվյալների համաձայն 2010-ի հոկտեմբերի դրությամբ երկրի դպրոցների 81 տոկոսն օգտվում է ինտերնետ-կապից` 1180 դպրոց, որոնցից 937-ը միացված են Հայաստանի միասնական դպրոցական ցանցին: Գագիկ Բադունցի խոսքերով, 2011-ին դեռ 414 դպրոց միանալու է միասնական դպրոցական ցանցին, ընդհանուր առմամբ ինտերնետին միացող դպրոցների քանակը դինամիկ կերպով աճում է: