14 փետրվարի 2011 - 16:02 AMT
Մարտի ավարտին «ԱրմենՏելը» Երևանում թվային կապով կապահովի ֆիքսված ցանցի բաժանորդների ավելի քան 99 տոկոսին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանի 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլի մեկնարկի մասին: 47 ԱՀԿ-ի 5000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. մարտի 31-ը, ապահովելով թվային կապով Երևանում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների ավելի քան 99 տոկոսին:

«ԱրմենՏել» ընկերության տեխնիկական մասնագետների գերազանց աշխատանքի և լարային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված էական ներդրումների շնորհիվ Երևանի հեռախոսագծերի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի տեխնոլոգիապես բարձր զարրգացում ունեցող քաղաքների շարքին: Հաճելի է, որ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից Երևանն առաջիններից է, որ կհասնի թվայնացման այսպիսի բարձր մակարդակի», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: