Հնարավոր համագործակցության, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի փետրվարի 14-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Դաֆինա Գերչևան քաղաքապետին է ներկայացրել քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։ Ծրագրի արդյունքում, փորձագիտական հաշվարկներով, մայրաքաղաքում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։
Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ջանքերը, որ գործադրում են ՄԱԿ-ի կառույցները Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։ «Քաղաքապետարանը համագործակցության համար բաց է ցանկացած բնագավառում և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունն այն ոլորտներում, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանը»>,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետը կարևորել է գործակցությունը հատկապես քաղաքային կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման, առողջապահական, տրանսպորտի, կոմունալ տնտեսության կառավարման, կրթական և մի շարք այլ ոլորտներում։
ՄԱԿ-ի մշտական համակարգողը աջակցության պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ կազմակերպությունը տարբեր բնագավառներում նման գործակցության փորձառություն ունի և պատրաստ է այն իրականացնել նաև Երևանում։
Կարեն Կարապետյանը ողջունել է նաև տիկին Գերչևայի կողմից ներկայացված «Գեղեցիկ Երևան>> ծրագիրը, որի գաղափարը Երևանը զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ դարձնելն է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկել առաջարկված և նախատեսվող համատեղ ծրագրերը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։