15 փետրվարի 2011 - 15:17 AMT
Առաջիկա 2 ամսում Հայաստանը և Իրանը վերջնական պայմանավորվածության կգան նավթատարի շինարարության հարցում

Հայաստանը և Իրանն առաջիկայում մտադիր են վերջնական պայմանավորվածության հանգել Թավրիզ-Երևան նավթատարի շինարարության հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը վերջերս գտնվում էր Թեհրանում, որտեղ կողմերը զգալի արդյունքների են հասել տնտեսական համագործակցության ոլորտում:

«Առաջիկա 2 ամիսների ընթացքում մենք ակնկալում ենք հասնել վերջնական պայմանավորվածության, ինչը թույլ կտա սկսել նավթատարի շինարարությունը»,- ասել է Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, եթե ամեն ինչ ընթանա ժամանակացույցով, ապա նավթամուղը կարող է շահագործման հանձնվել մինչև 2014-ը:

Գնահատելով Իրանի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում` նախարարը նշել է, որ այն գտնվում է բարձր մակարդակում: