15 փետրվարի 2011 - 17:12 AMT
Հայաստանի էներգետիկայի նախարարը հուսով է, որ 2011-ին երկրում էլեկտրաէներգիայի գները չեն բարձրանա

Էլեկտրաէներգիայի գնային քաղաքականության հարցում Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը մեծ հույսեր է կապում 2010թ. ապրիլի 21-ին գործարկված Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի հետ: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է երկրի գլխավոր էներգետիկ Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` 2010 թվականին նոր էներգաբլոկը 4 ամսից էլ քիչ է աշխատել, իսկ այս տարի մի քանի ամսով ավել աշխատանքը թույլ կտա գազի գնի բարձրացման դեպքում զսպել և նախկին մակարդակում պահել էլեկտրաէներգիայի սակագները: «Դրանք մեր ներքին ռեսուրսներն են, որոնք անցյալ տարի թույլ տվեցին չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, հուսով եմ, որ այս տարի ևս մենք կկարողանանք զսպել գնաճը»,- ասել է նա:

ՀՀ էներգետիկայի նախարարի հետ համակարծիք է նաև Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որը, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վստահեցրեց, որ 2011 թվականին երկրում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրացվի: