15 փետրվարի 2011 - 18:13 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է հայոց բանակի հոգևոր սպասավորներին

Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է ՀՀ զինված ուժերում ծառայող 46 հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպման ընթացքում Վրթանես Սրբազանը ներկայացրեց հոգևոր ծառայության կողմից իրականացվող աշխատանքները և առկա մարտահրավերները: Տեղեկացվեց, որ առաջիկա տարի տոնախմբվելու է կառույցի հիմնադրման 15-ամյակը:

Այնուհետև ներկաներին իր պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ բանակում հոգևորականների կարևոր դերակատարությանը: «Ձեր ծառայությամբ է նաև մեծապես պայմանավորված բացառումը բանակում ցավալի երևույթների ու միջադեպերի: Հոգևոր ամրությունն է, որ պայմանավորում է անպարտելիությունը և հաղթանակները բանակի», - նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին պատասխանատվությամբ, նվիրումով, հավատքով և անձնական օրինակելի վարքով շարունակել իրենց առաքելությունը` ի բարօրրություն մեր ազգային բանակի:

Այնուհետև հոգևորականները ներկայացրեցին սպասավորության մեջ առկա դժվարությունները: Ի թիվս տարբեր խնդիրների, նրանք նաև առանձնակի կարևորությամբ շեշտեցին, որ այսօրվա հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: