15 փետրվարի 2011 - 19:33 AMT
Տիգրան Դավթյան. «Մարս» գործարանը կարող է ազատ տնտեսական գոտի դառնալ

«ՌԱՕ Մարս» ՓԲ-ն կարող է դառնալ ազատ տնտեսական գոտի: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ գործարան այցելության ժամանակ: Ըստ նրա, ձեռնարկության ենթակառուցվածքները համապատասխանում են արտադրության արդի պահանջներին: Ազատ գոտու ստեղծման համար անհրաժեշտ ներդրումները կկազմեն մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ներդրումների չափը կախված կլինի ծրագրից և «Սիտրոնիկս» ընկերության, ինչպես նաև ընդհանրապես ռուսական կողմի մասնակցության ծավալից: «Մենք ընկերությանը կտրամադրենք ժամանակակից ենթակառուցվածքներ և հատուկ ռեժիմ՝ պարզեցնելով մաքսային ու հարկային պայմանները, արտոնություններ սահմանելով»,-հավաստիացրել է Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, ազատ տնտեսական գոտում արտադրությունը պետք է միտված լինի արտահանման: «Մենք բանակցում ենք շահագրգիռ ընկերությունների հետ, գարնանը նախատեսվում է հանդիպում գործարարների հետ»,-ասել է Դավթյանը: Ըստ նրա, հիմնականում հետաքրքրված են օտարերկրյա ընկերությունները:

«Մարս» գործարանը հիմնվել է 1995թ., արևմտյան արտադրության սարքավորումները թույլ են տալիս մշակել ու արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք: 2008թ. ընկերությունը հանձնվեց ռուսական «Սիտրոնիկս» ընկերության կառավարմանը: