15 փետրվարի 2011 - 19:53 AMT
Գագիկ Հարությունյան. Քրիստոնեական գործոնը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում Եվրոպայի և ԱՄՆ համար

Աշխարհում, մասնավորապես Եվրոպայում և ԱՄՆ-ում սկսել են կարևորել քրիստոնեական գործոնը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Ընդ որում, նա նկատել է, որ դա կարող է դրական անդրադառնալ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վրա:

Հարությունյանի խոսքով` մեծ տերությունների կողմից քրիստոնեական գործոնի հանդեպ ուշադրության բարձրացման մասին վկայում են Հարավային Սուդանում տեղ գտած իրադարձությունները, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի` վերջերս կատարած հայտարարությունները Եվրոպայում բազմամշակութայնության քաղաքականության ձախողման մասին: