Փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա «Գրեմի» մրցանակակիր, հանրահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովի համերգը: Երաժիշտը ելույթ է ունենալու Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ, որի հրավերով է ժամանելու Երևան:
Համերգին նաև կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, լեհ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին:
Մաքսիմ Վենգերովը արդի առավել դինամիկ և բազմակողմանի արվեստագետներից մեկն է: Լինելով համաշխարհային հռչակ վայելող ջութակահար՝ նա բազմիցս հանդես է եկել աշխարհի լեգենդար բեմերում՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: Համագործակցել է լավագույն երաժիշտների և նվագախմբերի հետ ու արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award և այլն: Մաքսիմ Վենգերովի մասին նկարահանվել են մի շարք երաժշտական ֆիլմեր:
1997 թվականից Վենգերովը հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար: