17 փետրվարի 2011 - 13:31 AMT
ՀՅԴ-ն սատարում է Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման ստեղծմանը

Փետրվարի 18-ին տեղի կունենա Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման անդրանիկ հավաքը: Շարժման նպատակն է ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը: Շարժման հիմնական խնդիրներն են` հասարակական գիտակցության մեջ ամրապնդել ժողովրդի իշխանության հաստատման գործում ընտրական իրավունքի առանձնահատուկ նշանակությունը, իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանություն: Ընտրակաշառքի, վարչական լծակների օգտագործման, ընտրողներին պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների դեմ համակարգված պայքարը հրամայական անհրաժեշտություն է: Շարժման նպատակներից է նաև ապահովել ընտրական իրավունքի ամբողջական իրացում:

Ըստ շարժման նախաձեռնողների պահանջվում են իրավական, քաղաքական և կազմակերպական բնույթի համալիր գործողություններ, որոնք բաժանվում են երեք հիմնական փուլերի` մինչև ընտրությունները, ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածը: Սրան զուգընթաց կձևավորվի իշխանության վերարտադրման արատավոր համակարգը վերացնելու անհրաժեշտ և բավարար միջավայր:

Շարժումը միջոց է ազատ կամարտահայտման ճանապարհով ժողովրդի օրինական իշխանության հաստատման համար: ՀՅ Դաշնակցության ամբողջական աջակցությամբ Շարժման կազմակերպումը և հովանավորումը իրականացվելու է լայն ցանց ունեցող հասարակական միավորում ձևավորելու միջոցով, «Քվեն ուժ է» կարգախոսով, ասվում է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի լրատվական բաժնի հաղորդագրության մեջ: