17 փետրվարին ժամը 11-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց պետք է տեղի ունենար Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի` վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունեցող վարորդների բողոքի ցույցը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մեկնել էին Գյումրի, իսկ Արմեն Մարտիրոսյանը` Վանաձոր, որպեսզի Երեւան ուղեկցեն ցույցի մասնակիցներին:
«Գյումրիում ոստիկանական մեքենաներն օղակի մեջ են առել բողոքող վարորդներին ու պատգամավորներին: Ոստիկանները հրաժարվեցին հիմնավորել կամ բացատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը խափանող իրենց գործողությունները: Այս պահի դրությամբ շուրջ 100 ոստիկան պաշարման մեջ են պահում թատրոնին հարակից Սայաթ-Նովայի պողոտան (միաժամանակ խոչընդոտելով գյումրեցիների բնականոն երթեւեկությունը):
Նույն վիճակն է տիրում նաեւ Վանաձորում, որտեղ հասարակական կարգի պահապաններն առանց որեւէ բացատրության փակել են շուրջ 10 ավտոմեքենաների ճանապարհը դեպի մայրաքաղաք», հայտնում «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Վարորդներն արդեն մեկ շաբաթից ավելի տեւող բողոքի գործողություններով պահանջում են չեղյալ համարել ավտոմեքենաների «ժամանակավոր ներմուծման» ռեժիմով Հայաստան մուտքի սահմանափակումները եւ բարեփոխել արտասահմանյան համարանիշներով մեքենաների մաքսային արժեքի որոշման պայմանները: