17 փետրվարի 2011 - 16:46 AMT
Վաշինգտոնում քննարկում են ԼՂՀ պատմությունն ու ներկան

Փետրվարի 17-ին ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանի Կոնֆլիկտների վերլուծության եւ կարգավորման ինստիտուտում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությանը, Ադրբեջանի հետ հակամարտության առաջացման պատճառներին, բանակցային ներկա փուլին եւ վերջնական խաղաղության հաստատման հնարավորություններին, հաղորդում է Վաշինգտոնում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը:

Նախօրեին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը` իր հովանավորության տակ գտնվող կազմակերպությունների հետ միասին, համառ ջանքեր է գործադրել այս միջոցառումը կասեցնելու համար` չխորշելով նաեւ հեղինակավոր Ինստիտուտի ղեկավարության վրա ճնշումներից: Թեեւ նրանց հաջողվել է միառժամանակ թյուրիմացություն ստեղծել, բայց Ներկայացուցչությունը Ինստիտուտի ղեկավարությանն է տրամադրել իր կարգավիճակի եւ գործունեության օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչից հետո խնդիրը հարթվել է:

Միջոցառմանը մասնակցում են ինչպես Ջորջ Մեյսոն համալսարանի ուսանողներ, այնպես էլ դիվանագետներ տարբեր երկրներից, հանգամանալից ելույթ է ունենալու Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Ավետիսյանը: