17 փետրվարի 2011 - 19:37 AMT
Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երևանում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ հիշողություններ ունի թե'՛ Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թե' համաշխարհային ցուցահանդեսից:

Զրուցակիցները կարևորել են հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երևանում: Ընդգծելով ներդրումների խթանման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը` կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հետաքրքրությանը: Կողմերը մեծապես կարևորել են նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են նաև էներգետիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները: