18 փետրվարի 2011 - 17:05 AMT
Հայաստանի Ազգային ժողովի կայքը հասանելի կլինի ֆրանսերենով

Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքը շուտով կներկայանա նաև ֆրանսերեն լեզվով: Parliament.am կայքէջը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆրանսերեն տարբերակը դեռևս մշակման փուլում է: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կայքէջի ֆրանսերեն բաժնի ստեղծումը և թարգմանությունն իրականացվում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի «Նորիա» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Նույն ծրագրի ֆինանսավորմամբ Ազգային ժողովում «Ալիանս Ֆրանսեզ»-ը պատգամավորների և աշխատակիցների համար իրականացնում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ, որոնց մասնակիցների թիվը հասնում է մոտ 70 հոգու:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին անդամակցել է 2009թ հուլիսին, Փարիզում կայացած լիագումար նստաշրջանի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում և նրա խորհրդարանում խրախուսել ֆրանսերեն լեզվի տարածումը, որն այսօր հաջողությամբ իրականացվում է : 2010թ մայիսին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով Երևանում տեղի ունեցավ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցեցին շուրջ 100 պատվիրակներ: