18 փետրվարի 2011 - 19:57 AMT
Իրանում իսլամական հեղափոխության պաշտպաններն անցել են ընդդիմության կողմը

Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) մի քանի բարձրաստիճան սպաներ իրենց հրամանատարին խնդրել են հրաժարվել ընդդիմության ցույցերը ցրելու համար ուժային մեթոդների կիրառումից, գրում է The Daily Telegraph-ը:

Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարիին հասցեագրված նամակում սպաները նրան խնդրում են ԻՀՊԿ-ին կարգադրել հակակառավարական ցույցերի ժամանակ գործել որքան հնարավոր է ավելի զուսպ: Նամակի հեղինակները, որոնց թվում ԻՀՊԿ Թեհրանի, Կումայի, Սպահանի և Թավրիզի ստորաբաժանումների սպաներ են, Ջաֆարիին խնդրում են օգտվել իր իշխանությունից և բասիջներին կարգադրել «հաջորդ անգամ մահակները տանը թողնել»:

ԻՀՊԿ հրամանատարներն իրենց կողմից խոստացել են. «Մենք չենք կրակելու և ծեծի ենթարկելու մեր եղբայրներին, որոնք հանդես են գալիս իրենց առաջնորդների քաղաքականության ու վարքի դեմ օրինական պահանջներով և բողոքներով»: