18 փետրվարի 2011 - 19:59 AMT
Foreign Policy-ն Ադրբեջանին հեղափոխություն է կանխագուշակում

Ադրբեջանում արաբական երկրների նմանությամբ հեղափոխության կրկնության հավանականությունը շատ մեծ է: Այդ մասին գրում է Foreign Policy-ն: «Այդ երկրում նույնպես կան դինաստիաներ և ավտորիտար ղեկավարներ, ընդդիմական կուսակցություններն ու ժողովրդավարական ինստիտուտները պարալիզված են, ժողովուրդը զրկված է ընտրելու և ղեկավարությունը փոխելու իրավունքից»,- նշում է ամսագիրը:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ 2003 թվականին հայր Հեյդար Ալիևից իշխանությունը որդուն` Իլհամ Ալիևին փոխանցելու ժամանակ ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր անցկացրեց: «Այժմ Ադրբեջանի պաշտոնական անձինք հայտարարում են, որ արաբական երկրներում տեղ գտած հեղափոխությունները չեն կարող ազդել Ադրբեջանի վրա: Սակայն տեղի վերլուծաբանները հայտարարում են, որ երկրում հեղափոխության համար իրական հիմքեր կան: Գործազրկությունը, աղքատությունը, կաշառակերությունն ու ավտորիտարիզմն այստեղ ավելի շատ են, քան որոշ արաբական երկրներում: Ընդդիմադիր և անկախ փորձագետները գտնում են, որ չնայած վստահ հայտարարություններին, Ադրբեջանի իշխող վերնախավում խուճապ է տիրում: Ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հակակոռուպցիոն քարոզարշավը, որը սկսվել է հունվարին, այդ խուճապի արդյունքն է»,- ընդգծում է FP-ն: