19 փետրվարի 2011 - 18:06 AMT
Հայաստանի փոխվարչապետն այցելեց երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասեր

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը փետրվարի 19-ին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզում գտնվող «Կամուրջշին» և «Թոմշին բետոն» ընկերութունների երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասեր:

«ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի երրորդ կարգի ջրանցքների և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրերի համար անհրաժեշտ երկաթբետոնե վաքերի մի մասի պատվերները կատարվում են այս արտադրամասում: Ընդհանուր առմամբ վաքերի պահանջարկը կազմում է 93,9 կմ, կապալառուների կողմից «Թոմշին բետոն»-ին տրվել է 2086, «Կամուրջշին»-ին` 500 վաքի պատվեր (մեկ վաքի երկարությունը 6մ է):

Արմեն Գևորգյանը ծանոթացավ արտադրվող կոնստրուկցիաների որակին և «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի և արտադրության ղեկավարներին հորդորեց մշտապես հետևել արտադրանքի որակին, քանի որ դրանով է նաև պայմանավորված ծրագրերի հաջողությունը:

Տեղեկացվեց, որ այս ու ևս երկու ընկերություններ կկարողանան ապահովել հիմնական պահանջարկը, սակայն բաց է մնում ևս 19 կմ ընդհանուր երկարությամբ ԼՊ4 տեսակի վաքերի ապահովման խնդիրը: Արմեն Գևորգյանը ՊՈԱԿ-ի ղեկավարությանը հանձնարարեց նշված պահանջարկի բավարարման հարցը քննարկել արտադրող ընկերությունների հետ և ներկայացնել առաջարկություններ` դրանք հանրապետությունում արտադրելու կամ ներկրելու վերաբերյալ, հաղորդում է հասարակայնության հետ կապերի բաժինը: