20 փետրվարի 2011 - 16:14 AMT
Վերջին 7 օրում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկանշական է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ ժամանակահատվածում արձանագրված խախտումների, այս շաբաթ` փետրվարի 15-ին ժամը 21-ն անց 45-ի սահմանում` շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական դիրքապահներն իրենց նախահարձակ գործողություններում օգտագործել են նաև «РПГ-7» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ:

Հարկ է նաև նշել, որ հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: Չնայած հակառակորդի կողմից դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: