21 փետրվարի 2011 - 14:08 AMT
Քաղցած գայլերը սպառնալիք են ներկայացնում Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար

Հայաստանի բնապահպանության նախարարությունում քննարկվում է գայլերի ոչնչացման հարցով համակարգող հանձնաժողով ստեղծելու հարցը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովը ստեղծվելու է կարճ ժամկետներում, պետք է ընդունվի նրա գործունեությունը կարգավորող կանոնակարգ:

Նախարարության մամլո ծառայությունից նշել են, որ գայլերի թվաքանակի մեծացումը վտանգ է ներկայացնում Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար: Սակայն, այդ որոշումը պայմանավորված է ոչ այնքան թվաքանակի մեծացմամբ, այլ նրանց կենսապայմանների վատացմամբ, որի պատճառով նրանք ավելի ագրեսիվ են դարձել և սարերից իջնում են բնակավայրեր:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջացառումների իրականացման կարգը։ Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար հարյուր հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել է 10000.0 հազար դրամ։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։