22 փետրվարի 2011 - 12:41 AMT
Հայ գործարարները Վրաստանում չեն կարողանա օգտվել ԱՊՀ անդամ երկրների արտոնություններից

Գաղտնիք չէ, որ Հայաստանում նկատվում է բիզնեսի արտահոսք հարևան երկրներ, մասնավորապես Վրաստան, քանի որ այդ երկրում առավել բարենպաստ պայմաններ են ստեղծված գործարարների համար, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: «Միաժամանակ, եթե դուք ցանկանում եք բիզնես բացել Վրաստանում, պետք է հաշվի առնեք, որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ, ուստի հայ գործարարը պետք է իմանա, որ չի կարողանա իր արտադրանքն արտահանել ԱՊՀ երկրներ, Արևմտյան Եվրոպայի շուկա դուրս գալու մեծ հեռանկարներ ևս չկան»,-ասել է նա:

Հետևաբար, ըստ նրա, Վրաստան է տեղափոխվում հիմնականում միայն այն բիզնեսը, որը նախատեսված է այդ երկրի ներքին շուկայի համար, որը հայկականից մեծ է և որտեղ ավելի արագ է զարգանում զբոսաշրջությունը, ուստի հետաքրքիր են այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են սննդարդյունաբերությունն ու ծառայությունները: Բացի այդ, ըստ Մակարյանի, կա որոշակի հետաքրքրություն շինարարության ոլորտի հանդեպ, քանի որ Վրաստանը զարգացող երկիր է: