22 փետրվարի 2011 - 16:16 AMT
Մուբարիզ Ահմեդօղլուն բողոքում է Ադրբեջանի հարցում ԵԱՀԿ անգործությունից

ԵԱՀԿ-ն և նրա կառույցներն արդյունավետ չեն գործում: Դրա ապացույցն է այն փաստը, որ ԵԱՀԿ ամենագործող կառույցը` գագաթնաժողովը չկարողացավ որևէ զգալի բան անել Ադրբեջանի համար: Այդ մասին հայտնել է Քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նրա կարծիքով, բառացիորեն բոլորը ակնկալում էին, որ Աստանայում գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ որոշում կընդունվի, սակայն նման բան տեղի չունեցավ: «ԵԱՀԿ-ն արդյունավետ կառույց չէ, որովհետև այնտեղ որոշման ընդունման համակարգը կոնսեսուսային է, որը ենթադրում է բոլոր երկրների համաձայնությունը: Այս կապակցությամբ չարժե սպասել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից հետո փոփոխություններ տեղի կունենան»,- հայտնել է նա, գրում է Բաքվի «Էխո» թերթը: