23 փետրվարի 2011 - 16:17 AMT
2011-ի հունվարին Հայաստանի պետբյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով

2011 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 57.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 36.9 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 31.4 տոկոսով և 17.7 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի հաստատած ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 6.9 տոկոսով, ծախսերի գծով` 4 տոկոսով:

Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.6 տոկոսով կամ շուրջ 6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 12.9 տոկոս (6.1 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.3 տոկոսով, իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 36.9 մլրդ դրամի ծախսեր: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերը նվազել են 4.4 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների և պետական հատվածի այլ մակարդակներին հատկացվող դրամաշնորհների գծով ծախսերի նվազմամբ:

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ներքին աղբյուրների գծով հավելուրդը կազմել է շուրջ 16.9 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` 3.3 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: