24 փետրվարի 2011 - 13:26 AMT
Հայաստանի 18 հազար ֆերմերային տնտեսություններ պետական աջակցություն կստանան

ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ի նիստում պահուստային ֆոնդից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 538 մլն դրամ սերմնաբուծության զարգացման համար:

Ինչպես հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հատկացումներն ուղղվելու են արտասահմանից գարու և եգիպտացորենի բարձրորակ սերմեր ներկրելուն, որոնք անվճար տրամադրվելու են ֆերմերային տնտեսություններին, որոնք զբաղվում են հացահատիկային կուլտուրաների մշակմամբ:

Դրա հետ կապված` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում սերմնաբուծության զարգացումը պետական աջակցության սոցիալական փաթեթի մաս է: Նրա խոսքերով, այդ աջակցությունը լուծում է միանգամից մի քանի խնդիր, առաջին հերթին բարձրանում է մշակվող հացահատիկային կուլտուրաների որակը, ավելանում են ցանքատարածքները, բացի դրանից, կառավարական աջակցությունը կրում է սոցիալական բնույթ, ինչպես նաև ուղղված է անասնաբուծության զարգացմանը, քանի որ հացահատիկային կուլտուրաները մտնում են նրանց սննդակարգի մեջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ անհրաժշտության դեպքում պետական աջակցությունն ավելանալու է: