24 փետրվարի 2011 - 16:11 AMT
Աշխարհի ամենամեծ Full LED 3D հեռուստացույցը մի քանի օրից վաճառքի կհանվի Երևանում

Աշխարհում ամենամեծ Full LED 3D հեռուստացույցը (72 դյույմ) մի քանի օրից վաճառվելու է Երևանի «ARAY» խանութներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «ARAY» ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի մենեջեր Արթուր Չաղարյանը: Հեռուստացույցի գինը դեռ հայտնի չէ: «Կարող եմ միայն ասել, որ այն էժան չի լինելու, մենք որոշելու ենք դրա գինը` ելնելով մաքսային վճարումներից, տեղափոխման ծախսերից և այլն»,- ասել է Չաղարյանը: Նա նաև խոստովանել է, որ երկրում դեռ չի նկատվում 3D հեռուստացույցների մեծ պահանջարկ, մասնավորապես, դա կապված է ոչ այդքան զարգացած կոնտենտի հետ: «Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք Հայաստանում ներկայացնել վերջին տեխնոլոգիաները»,- ասել է նա:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Business Գրուզիան, երկու ամսից հեռուստացույցը վաճառվելու է նաև Վրաստանի «ARAY»-ի ներկայացուցչությունում: Ինչպես հաղորդել է աղբյուրը, նրա արժեքը մոտ 10 հազար դոլար է: Ինչպես նշել է «ARAY Tomorrow» խանութի մենեջեր Ալեկո Հակոբյանը, ժամանակի հետ գինը նվազելու է և մատչելի է լինելու բոլոր սոցիալական խավերի համար: Հեռուստացույցը միացած է ինտերնետին, հեռուստադիտողները կարող են նաև օգտվել YouTube և Google Free Web Photo ծառայություններից: