25 փետրվարի 2011 - 15:36 AMT
Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վճռորոշ է լինելու Ղարաբաղի ժողովրդի կամքը

Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների կարծիքը վճռորոշ է լինելու Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին «Արցախ. թագավորությունից մինչև հանրապետություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Անդրեաս Ղուկասյանը: «Այսօր բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան առաջարկությունները ապակառուցողական են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար: Այդ առաջարկներն անտեսում են այն իրողությունները, որ ձևավորվել են Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում վերջին 20 տարում»,-ասել է նա: Ըստ փորձագետի, եթե Հայաստանն իր ստորագրությունը դնի Մադրիդյան առաջարկությունների տակ, ապա դրանով կխախտի ԼՂՀ Սահմանադրությունը, որտեղ հստակ նշված են Ղարաբաղի սահմանները: