25 փետրվարի 2011 - 17:21 AMT
Ադրբեջանին 24 ռուսական Մի-35Մ մարտական ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկությունները ստուգման կարիք ունեն

Ադրբեջանին 24 ռուսական Մի-35Մ մարտական ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկությունները ստուգման կարիք ունեն, PanARMENIAN.Net-ին է հայտնել աղբյորը ՌԴ ռազմական շրջանակներից: Ըստ նրա, հաճախ նման տեսակի տեղեկությունները տարածում է Ադրբեջանը՝ խարխլելու համար Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը: «Սպառազինության մատակարարման մասին ցանկացած տեղեկատվություն, ներառյալ WikiLeaks-ը ստուգման կարիք ունի: Զենքի ցանկացած մատակարարում կարող է խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը Ռուսաստանին հարկավոր չէ»,-ասել է աղբյուրը:

Իր հերթին «Ռոսվերտոլ» ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է պաշտոնապես հաստատել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանն ու «Ռոսվերտոլը» պայմանագիր են կնքել Ադրբեջանին Մի-35Մ ուղղաթիռների վաճառքի մասին:

Նման տեղեկատվություն էր զետեղվել 1news.az. ադրբեջանական կայքում: