25 փետրվարի 2011 - 17:26 AMT
Հայաստանում բլոգգերների թիվն ավելացնելու գրանտերն ու ծրագրերն ակնկալվող արդյունքը չեն բերում

Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում բլոգգերների «արհեստական աճեցման» փորձեր են կատարվել զանազան ծրագրերի և գրանտերի շրջանակներում, որոնք հաջողությամբ չպսակվեցին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց բլոգգեր Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով, չնայած, որ այլ երկրներում այդ պրակտիկան բավական արդյունավետ է, Հայաստանի մարզերում բլոգգինգի ուսուցանման տարբեր նախագծերը սպասվող արդյունքը չտվեցին: «Հայաստանում բլոգգերների թիվն ավելացնելու փորձեր կատարվում են նաև այսօր, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվում, քանի որ բլոգգերների «արհեստական աճեցումը» բարդ խնդիր է»,- նշեց նա:

Ինչպես նշեց բլոգգեր Սեդրակ Մկրտչյանը, այսօր բլոգգինգի ոլորտում օպտիմիզացում է տեղի ունենում. Բլոգերի ընթերցողները գնալով նվազում են, աստիճանաբար կրճատվում են տեքստերը: «Բլոգերի այն բումը, որ կար ժամանակին, այսօր այլևս չի դիտվում: Օգտվողների համար կիրառելի են դարձել Twitter-ն ու Facebook-ը, որտեղ կարելի է մեկ շարքում տեսնել բոլոր նորությունները»,- նշեց նա: