26 փետրվարի 2011 - 16:54 AMT
Ադրբեջանի ԱԳ նախարարն իր սպասումներով է կիսվել առաջիկա Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման մեջ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպումը, որը կկայանա մարտի 5-ին Սոչիում, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ հունվարին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: «Այդ հանդիպումների արդյունքում բաց հարցեր մնացին, որոնք որոշվեց նախագահների մակարդակով քննարկել Սոչիում»,- ասել է Մամեդյարովը` կրկին հայտարարելով, որ հիմնական հարցը հայկական կողմից Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձն է:

«Անցյալ տարի Կանադայում ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, և հայկական կողմը պետք է կատարի այն»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հաղորդում է 1news.az-ը: