28 փետրվարի 2011 - 18:04 AMT
Բեռլինում կայացել է Սումգայիթի հայոց ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույց

Փետրվարի 27-ին Բեռլինում կայացավ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույց: Ցույցն անցկացրեցին Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը` Գերմանիայի Հայերի Կենտրոնական Խորհրդի և Բեռլինի երկու հայկական համայնքների ու Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ: Առաջին անգամ երթը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցով:

Ցույցի ժամանակ ելույթ ունեցան ԼՂՀ մշտական ներկայացուցչության անդամներն ու Գերմանիայում հայ սփյուռքի ակտիվիստները. նրանք եվրոպական հանրությանը կոչ արեցին երես չթեքել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Մարաղայի, Գյանջայի ու ԼՂՀ ողջ տարածքում տեղ գտած կոտորածներից և դատապարտել ադրբեջանական ղեկավարության դաժան գործողություններն ու ագրեսիվ քաղաքականությունը:

Ակցիան առաջ բերեց ցույցի անցկացման վայրին հարակից հաստատությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի ու այցելուների հետաքրքրությունը. եվրոպական քաղաքացիներին տեղեկացնում էին գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով, բաժանվել են թռուցիկներ:

Ակցիայի ավարտից հետո մասնակիցները հավաքվեցին եկեղեցում` մասնակցելու անմեղ զոհված հայերի հոգեհանգստի պատարագին, որը մատուցեց արքեպիսկոպոս Գարեգին Բեկչանը: Համայնքներին իրենց խոսքով դիմեցին ՀԿԽ նախագահ Ազատ Օրդուխանյանը, Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանը, հաղորդել են Բեռլինում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից: