2011-ի փետրվարի 28-ին Հաագայում «Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները» (Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա և Հայ Դատի հանձնախումբ) կազմակերպել են ցույց` ոգեկոչելու Սումգայիթի հայության կոտորածի 23-րդ տարելիցը` արտահայտելով իրենց համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, Նիդեռլանդների կառավարության և միջազգային հանրության զորակցությունը հայցելով հակամարտության խաղաղ լուծման համար` հարգելով Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը:
Ցույցը սկսվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դիմացի հրապարակում, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Հաագայում Ադրբեջանի դեսպանություն:
Դեսպանության դիմաց կազմակերպված ցուցի ընթացքում ցուցարարները պահանջել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարգում, ազատություն Լեռնային Ղարաբաղին, դադարեցնել ադրբեջանական ագրեսիան, և այլն:
«Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները», ի շարունակություն իրենց գործողությունների, նախատեսում են մարտի 1-ին համապատասխան պահանջագիր հանձնել Նիդերլանդների երկրորդ պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին: