1 մարտի 2011 - 17:27 AMT
Հայաստանում տեղի կունենա Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադա

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 18-24-ը Հայաստանում կազմակերպում է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական օլիմպիադան: Թվով 5-րդ Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի դպրոցականներ:

Օլիմպիադայի հարցաշարում ընդգրկվելու են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից ու մշակույթից։ Օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր: Հաղթողները որոշվելու են երկու փուլերում վաստակած միավորների գումարի արդյունքներով:

Բանավոր փուլը անցկացվելու է երկու օր. առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականության հինգ դասականների (Մեսրոպ Մաշտոց, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Գրիգոր Զոհրապ և Միսաք Մեծարենց) կենսագրության և ստեղծագործության շրջանակներում, իսկ երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից` բանավոր հարցերի միջոցով: Բանավոր փուլի հաղթողները որոշվելու են երկու օրերում կայացած մրցույթների արդյունքների հիման վրա: Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մեկական դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական պարգևներ:

Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի մրցույթներ, որոնցից մեկին մասնակցությունը պարտադիր է: Այս մրցույթներում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ ԿԳՆ պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: Մասնակիցների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները: Մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել դպրոցի տնօրինության կամ անձամբ աշակերտի կողմից, հաղորդում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը: