«Այս հսկայական ցույցը վկայում է, որ ՀԱԿ-ը վերահսկում է քաղաքական իրադրությունը երկրում, և որ ժողովրդի համբերությունը հատնում է: Ժողովուրդը չի ցանկանում հանդուրժել ներկայիս իշխող համակարգը»,- Երևանում ընթացող ցույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները պետք է զիջեն ժողովրդին և կամավոր հեռանան:
«Իշխանության և ժողովրդի միջև այս հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով»,- ասաց Զուրաբյանը: Նա ավելացրեց, որ ժողովուրդը մի քիչ էլ կհամբերի, եթե իշխանությունները համաձայնեն արտահերթ ընտրություններ անցկացնել:
Միևնույն ժամանակ Զուրաբյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ դեռևս երկխոսության հույս կար, սակայն «Քոչարյանի ավազակախումբն այլ կերպ որոշեց», իսկ ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի համար բանակցությունների ճանապարհը դեռևս բաց է:
Զուրաբյանը նախազգուշացրեց, որ եթե իշխանության հետ բանակցություններ չսկսվեն, ապա անգամ ՀԱԿ-ը չի կարողանա վերահսկել ժողովրդին: Նա դիմեց ժողովրդին` հայտարարելով. «Հավատացեք մեր որոշումներին»:
ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն իր հերթին ասաց, որ «ՀԱԿ-ը պատրաստվում է իշխանության գալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, առաջին հերթին` նախագահական»: