2 մարտի 2011 - 11:21 AMT
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ

Ավստրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ավստրիայի խորհրդարան, որտեղ հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ պարոն Ֆրից Նոյգեբաուերի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Էդվարդ Նալբանդյանը նաև ներկա գտնվեց Խորհրդարանի լիագումար նիստին:

Առավոտյան Էդվարդ Նալբանդյանն ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նախարար Նալբանդյանը շրջայց կատարեց և ծանոթացավ եկեղեցում, թանգարանում և գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցավ միաբանության անդամների հետ:

Այցի մեկնարկի օրը ավստրիական հեղինակավոր Der Standard օրաթերթը ծավալուն հարցազրույց հրապարակեց Էդվարդ Նալբանդյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: