Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը, ով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իր բարձրագույն ուսումն է շարունակում Վարշավայի համալսարանում և միաժամանակ հոգում Հայ Առաքելական Եկեղեցու համայնքի հոգևոր կարիքները` Սուրբ Պատարագների մատուցմամբ, վերջերս հանդիպումներ է ունեցել Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Միտրոպոլիտ Սավայի, Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կաժիմիեժ Նիչի և Կրակովի Արքեպիսկոպոս Կարդինալ Ստանիսլավ Ջիվիշի հետ և փոխանցել նրանց Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնները:
Բարձրաստիճան հոգևորականների հետ Հայր Սուրբը զրուցել է Հայ-Կաթոլիկ և Հայ-Ուղղափառ Եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև Լեհաստանում բնակվող առաքելական ու կաթոլիկ հայկական համայնքների մասին:
Բարձրաստիճան հոգևորականներն իրենց շնորհակալությունն են հայտնել Վեհափառ Հայրապետի ողջույնների և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը խորհրդանշող նվերների համար: Փոխադարձաբար Հայր Սուրբն Վեհափառ Հայրապետի և անձամբ իր անունից երախտագիտություն է հայտնել Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդներին` Լեհաստանում բնակվող հայորդիների հանդեպ դրսևորվող ազնիվ վերաբերմունքի, ինչպես նաև Հայ Եկեղեցու հավատավոր զավակների համար Սուրբ Պատարագ մատուցելու նպատակով եկեղեցու տրամադրման գործում նրանց ցուցաբերած աջակցության և օգտակարության համար, հաղորդում է Վարշավայի հայոց հովվության մամլո դիվանը: