2 մարտի 2011 - 13:03 AMT
Հայաստանի օմբուդսմենի թեկնածու. Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով

«Իմ թեկնածությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժերն ինձ նախապայմաններ չեն առաջադրել իմ հետագա գործունեության հետ կապված»,- Հայաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Կարեն Անդրեասյանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում կոալիցիոն ուժերի կողմից: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի հետ նույնիսկ քաղաքական վերադասավորումների դեպքում: Անդրեասյանը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում նա մեծ ուշադրություն է դարձնելու Հայաստանում խոսքի ազատության խնդրին:

Անդրեասյանը նաև հավելել է, որ մարդու բոլոր հիմնական իրավունքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: «Կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտը պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություններ տրամադրի»,- ասել է նա և հավելել, որ նույնիսկ մեկ քաղաքացու խնդիրն իր համար ավելի կարևոր է, քան գովեստի խոսքերը և ծափահարությունները:

Անդրադառնալով նրան, թե որքանով է նոր օմբուդսմենն ընդգրկվելու երկրի քաղաքական կյանքում, նա ասել է. «Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով»: