2 մարտի 2011 - 14:06 AMT
Մինչև 2011-ի վերջ «Ամերիաբանկը» կունենա 11 մասնաճյուղ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարներից է մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը, մարտի 2-ին լրագրողներին «Մոսկովյան» մասնաճյուղի բացման ժամանակ հայտնել է բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նրա խոսքերով, 2011-ին բանկը նախատեսում է բացել ևս 4 մասնաճյուղ, որոնցից երկուսը` մայրաքաղաքում, իսկ մյուս երկուսը` Հայաստանի մարզերում: «Վանաձորում արդեն ընտրվել է տարածք և սկսվել են վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվելու են հունիս-հուլիսին, իսկ Գյումրիում նոր մասնաճյուղը բացվելու է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում»,- ասել է նա: Մայրաքաղաքի մասնաճյուղերից մեկը գտնվելու է «Կոմիտաս» վարչական շրջանում, իսկ մյուսը` «Շենգավիթ» կամ «Նոր Նորք»: «5 նոր մասնաճյուղերի հետ միասին դրանց ընդհանուր թիվը կկազմի 11»,- ասել է նա:

Խոսելով նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղի մասին, Հանեսյանը նշել է, որ սույն թվականի մարտի 2-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10 տոկոս զեղչով:

Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: «Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով: