2 մարտի 2011 - 15:28 AMT
Կարեն Անդրեասյանն ընտրվեց որպես Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան

ՀՀ խորհրդարանն ընտրեց Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, 83 «կողմ», 13 «դեմ» ձայներով պատգամավորներն ընտրեցին Կարեն Անդրեասյանին որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությանը մասնակցել է 97 պատգամավոր: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ավելի վաղ կոալիցիոն ուժերն առաջադրել են իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում:

Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ է ներկայացրել հրաժարականի մասին դիմումը փետրվարի սկզբին: Նա ավելի վաղ հայտարարել է, որ համաձայնվել է դառնալ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնակատար:

Արմեն Հարությունյանն օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնում է 2006-ի փետրվարից: ՀՀ Սահմանադրության համաձայն, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջադրի ՀՀ նախագահը երկրի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո: Օմբուդսմենի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարեկանից բարձր անձ, որը մեծ հեղինակություն է վայելում հասարակության մեջ և վերջին 5 տարում Հայաստանի քաղաքացի է, մշտապես բնակվում է հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում: