4 մարտի 2011 - 10:50 AMT
ԱՄՆ-ն գոհ է ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այս օրերին անց է կացվում միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովը, որին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի հետաքրքիր ելույթներից մեկն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Գիտաժողովի մասնակիցներից մեկը հարց է ուղղել, որը վերաբերվել է Լեռնային Ղարաբաղին:

Հարցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղյան հիմնահարցում ԱՄՆ-Ռուսաստանյան համագործակցությանը: Գորդոնը պատասխանել է, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Ռուսաստանը ակտիվորեն հանդես են գալիս հիմնարար սկզբունքների աջակիցներ, որ նրանց միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով առկա է համագործակցություն այս հարցում: Նա նշել է, որ որոշ մարդիկ պնդում են, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ: Սակայն հարցն այստեղ բոլորովին այլ է: Ռուսները աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, և ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ ասենք Սոչիում, Մոսկվայւմ, Սանկտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում: ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ կերպով և Մինսկի խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջև այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերը կայանում են Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականով»:

Նույն մասնակցի երրորդ հարցը հնչել է հետևյալ կերպ. «Թունիսի, ընդհանրապես Հյուսիսային Աֆրիկայի բռնատիրական երկրներում ծավալված ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա»: Ֆիլիպ Գորդոնը նախընտրել է չանդրադառնալ այս հարցին:

Ադրբեջանից մասնակիցներից մեկը ևս հարց է ուղղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային, ասելով, որ ինքը շատ հիասթափված է ամբողջ գործընթացի տրամաբանությունից, քանի որ Մինսկի խումբը գործում բավական երկար ժամանակ բանակցությունների անցկացման միակ ձևաչափն է, որ այն «որևէ արդյունք չի տալիս» և այնուհետևա հարցրել է, թե արդյոք ինչպես կարելի է առաջընթաց ունենալ և արդյոք այլընտրանքային բանակցային ուղիներ չկան հարցի կարգավորման համար:

Գորդոնը պատասխանել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում գիտաժողովի այս մասնակցի հիասթափությանը: Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր` զոհերի ելքով: Կարող է ինչ-որ սխալ հաշվարկների հետևանքով հակամարտությունը սառից տաքի վերածվի, և անհրաժեշտ է կանխել նման սցենարը: Նա ավելացրել է, որ ինքը չի կարծում, որ խնդիրը Մինսկի խմբի մեջ պետք է փնտրել: Եթե նրանք զգային, որ կարող է այլ, ավելի արդյունավետ ձևաչափ լինել, ապա պատրաստ կլինեին այն քննարկել: Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի խումբը շատ լավ է աշխատում: Այն մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները և տարաձայնությունները: Գորդոնը նշել է, որ իրենք գործընթացում առաջընթաց գրանցում են: