4 մարտի 2011 - 11:00 AMT
Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Վիշեգրադյան քառյակի հանդիպմանը

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաև ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաև Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում և նվիրված էր Արևելյան գործընկերների և Եվրոպական Միության միջև համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին և հետագա անելիքներին: Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ուրվագծելով Հայաստանի սպասելիքները ԵՄ հետ խորացված գործընկերությունից:

Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների և կարգավորման ձևաչափը չէ, միջազգային հանրության կողմից ձևավորված և աջակցվող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Ադրբեջանի ներկայացուցչի ապակողմնորոշման փորձերին ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը համապատասխան պարզաբանումներ տվեց, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: