4 մարտի 2011 - 13:29 AMT
Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Երևանը և Մոսկվան կփորձեն Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի, կարծում է հայ քաղաքագետը

Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանը և Ռուսաստանը փորձելու են Իլհամ Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով մարտի 5-ին կայանալիք հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

«Հայկական և ռուսական կողմերը կփորձեն Ալիևից հասնել առավելագույնը փաստաթղթի, նվազագույնը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին խոսքի: Բայց ես չեմ տեսնում պատճառներ, որոնց հիման վրա Ալիևը կհամաձայնվի գնալ դրան»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը և նշել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները չեն սկսվում միայն այն պատճառով, որ նման ցանկություն չկա ոչ Հայաստանում, ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում:

Նրա խոսքերով, հիմա ռուսական կողմը փորձում է պահպանել առկա գործընթացը, և ԵԱՀԿ ՄԽ մնացած երկրները դրա համար պաշտոնական Մոսկվային տվել են քարտ բլանշ: