4 մարտի 2011 - 16:44 AMT
Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների ներկայացրած բողոքը մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից

Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի ու Արթուր Գրիգորյանի ներկայացրած բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի կողմից: «2011թ. փետրվարի 14-ի բողոքի մերժման որոշումը դատախազության կողմից թվագրված է 27 օգոստոսի 2008թ.: Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն և օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում: Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց: Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին և արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար»,- հայտարարել են փաստաբանները: