5 մարտի 2011 - 18:25 AMT
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում պայմանավորվեցին շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը:

Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

«Նախագահները նշել են իրենց կանոնավոր հանդիպումների կարևոր նշանակությունը ղարաբաղյան կարգավորման համար և պայմանավորվել շարունակել դրանք նման ձևաչափում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի հետ միասին»,- ասվում է հայտարարությունում: