7 մարտի 2011 - 17:40 AMT
Եվրոպայի հայերի համագումարը սթափության կոչ է անում Հայաստանի իշխանություններին

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և շարքային քաղաքացիների դեմ մարտի 3-ի բողոքի ցույցի ժամանակ ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած բռնությունն ու անհարգալից վերաբերմունքը լուրջ սպառնալիք է` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի, ՀՀ կայունության և անվտանգության, մարդու և խոսքի իրավունքի համար և բնականաբար վնասում է երկրի միջազգային վարկին»,-ասվում է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ:

Համագումարը սթափության կոչ է ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաև ԱԺ անկախ պատգամավորներին՝ ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը և Ազգային ժողովի պատգամավորի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառայի:

Անվերապահորեն զորակցում ենք բռնության ենթարկված պատգամավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից: