7 մարտի 2011 - 19:30 AMT
Երևանում բացվեց Նանա Արամյանի «Սև մանուշակագույն զրույցներ» անհատական ցուցահանդեսը

Մարտի 7-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Նանա Արամյանի «Սև մանուշակագույն զրույցներ» անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված են 20 գեղանկարչական և 8 գրաֆիկական աշխատանքներ: Նկարները կատարված են նեո-սյուրռեալիզմի ոճով, սակայն զգացվում է ֆուտուրիզմի և մետաֆիզիկական արվեստի ազդեցությունը:

«Այսօր այստեղ ներկայացված են աշխատանքներ, որոնք ես նկարել եմ վերջին երկու տարիների ընթացքում: Մինչ այդ ես զբաղվում էի համակարգչային դիզայնով և գրաֆիկայով: Բայց քանի որ ես մասնագիտությամբ նկարիչ եմ, որոշեցի վերադառնալ ավանդական արվեստին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Նանա Արամյանը:

Սա նկարչուհու թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց Հայաստանից բացի այս աշխատանքները ցուցադրվել են նաև Ֆլորենցիայում:

Աշխատանքները կցուցադրվեն մինչև մարտի 19-ը: