7 մարտի 2011 - 21:34 AMT
Երևանի քաղաքապետարանը կրկին արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 2-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` 2011թ. մարտի 17-ին` ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում` հանրահավաք և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. մարտի 4-ի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. մարտի 4-ի որոշմամբ արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. փետրվարի 236-ի և 2011թ. մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։