8 մարտի 2011 - 17:51 AMT
Ադրբեջանում ակտիվիստների ձերաբակալություններով փորձում են կանխել հեղափոխությունը

Մարտի 8-ին Բաքվում քաղաքացիական հագուստով մոտ տաս հոգի բերման են ենթարկել երիտասարդական ակտիվիստ Ռաշադատ Ախունդովին, հաղորդում է ռադիո Ազադլիգը: Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության բաժնի պետ Օրհան Մանսուրզադեն հայտարարել է, որ դեպքը ստուգվելու է:

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Սահավաթ Սոլթանլիին: Սակայն Բաքվի Քարադաղի շրջանի ոստիկանական բաժանմունքում ռադիո Ազադլիգին հաղորդել են, որ բերման ենթարկվածների թվում Սահավաթ Սոլթանլի անունով մարդ չկա:

Amnesty International իրավապահ կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել երիտասարդական ակտիվիստների հետապնդումը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք բերման են ենթարկվել սոցիալական ցանցերի` ներառյալ Facebook-ի միջոցով կազմակերպված բողոքին մասնակցելու համար:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ ճնշումը և թույլ տան խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը: